Սիրելի´հայրենակիցներ.
2016 թվականի ապրիլի 2-ին, հերթական անգամ խախտելով զինադադարը և արհամարհելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու միջազգային հանրության հորդորները, Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով: Հակառակորդը օգտագործում է զինուժի գրեթե բոլոր տեսակները, ռմբակոծում օդից և ցամաքից: Զոհերի ու վիրավորների թվում կան խաղաղ բնակիչներ, այդ թվում` կանայք և երեխաներ:
Ադրբեջանի այս հերթական սանձարձակ քայլը, խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետևողական սրման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը:
Այս պահին անհրաժեշտ է, որ սփյուռքյան կառույցները և կազմակերպությունները հնարավոր բոլոր միջոցներով իրենց բողոքի ձայնը բարձրացնեն բնակության երկրների իշխանությունների առջև, ունենան հանդիպումներ և հորդորեն ու պահանջեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և սանձել Բաքվի ռազմատենչ նկրտումները:
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն տարածելիս չափազանց կարևոր է հիմնվել միմիայն ՀՀ ՊՆ և ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա։
ՀՀ սփյուռքի նախարարություն